BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«ՀՀ արտաքին քաղաքականությունը նմանվում է մերկասառույցի վրա արգելակած «Վազ 2106» ավտոմեքենայի վարքին»

«ՀՀ արտաքին քաղաքականությունը նմանվում է մերկասառույցի վրա արգելակած «Վազ 2106» ավտոմեքենայի վարքին»
14.05.2014 | 17:18

Այսօր «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ԱԺ hանրապետական կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական բարդ զարգացումների, ունենք սակավ ռեսուրսներ, այդ պատճառով էլ պետք է կարողանանք գնահատել մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման համար երկարաժամկետ շահերը: Նա կարծիք հայտնեց, որ հասարակական-քաղաքական երկխոսությունն իր դերն է խաղում, և ԵՄ ասոցացումը օրակարգային խնդիր է դարձել:

Անդրադառնալով անցյալ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ այն, ինչ չստացվեց Վիլնյուսում (նկատի ունի ԵՄ ասոցացման համաձայնագրի չստորագրումը), դա ևս ժամանակի պահանջ էր: Իսկ Վիլնյուսին հաջորդելու է Ռիգան, հաջորդելու են այլ գործընթացներ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնորոշեց որպես ցայտնոտային: Նա հիշեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, հիշեցրեց, թե ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիա է գնալու բաց սահմանով, սակայն գնաց փակ սահմանով: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի քայլերը համարեց իրավիճակից բխող, ոչ ծրագրված քայլեր: Նա Սերժ Սարգսյանի քաղաքականությունը համեմատեց մերկասառույցի վրա արգելակած «Վազ-2106» մեքենայի վարքի հետ: Ըստ ԱԺ պատգամավորի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը պետք է լինի տարածաշրջանային քաղաքականությունը: Նա այդ համատեքստում կարևորում է Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումը, որոնք գտնվում են լճացման փուլում: Նա նշեց, որ պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ մտնի իրանական կողմից հնչած այն հայտարարությունը, որ պատրաստ են Հայաստանի տարածքով գազ արտահանելու Եվրոպա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է մշակվի հայ-ռուսական երկխոսության նոր օրակարգ: Նա, կարևորելով ՌԴ-ի կողմից ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրելը, հայտարարեց, որ մենք չպետք է ոչ մի դեպքում համաձայնենք «Անվտանգություն՝ ինքնիշխանության դիմաց» բանաձևին:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, արևմտյան մեր գործընկերների խնդիրը պետք է լինի աջակցելը Հայաստանի ժողովրդավարացմանը:
Առնվազն տեսանելի ապագայում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ն պետք է որդեգրի «ո՛չ, ո՛չ»-ի քաղաքականություն: Նա կարծում է, որ ՀՀ-ում պետք է ծավալվի արտաքին քաղաքականությանը վերաբերող բանավեճ և առաջնային դարձվի տարածաշրջանային համագործակցությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ